|

Հարգելի՛ այցելու
Ուրախ եմ ողջունելու Ձեզ Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարության էլեկտրոնային գրադարանի կայքում:
Համաշխարհայնացման անկասելի գործընթացներով պայմանավորված՝ այսօր էապես փոխվել են կրթական համակարգի խնդիրները մեր պետական եւ ազգային շահերի սպասարկման գործում: Ստեղծված իրադրության մեջ մենք պետք է վերանայենք նախկին հարացույցերը, վերագնահատենք առաջնահերթությունները, ժամանակի պահանջներին համարժեք վերաձեւակերպենք Հայաստանում կրթական համակարգի զարգացման հայեցակարգային կանխադրույթները: Կրթության ոլորտում ազգային ինքնության պահպանման խնդրի լուծման մեր ընտրած ճանապարհը ոչ թե լեզվամշակութային ինքնամեկուսացումն է, այլ մրցունակ, ժամանակին համաքայլ զարգացող կրթական համակարգ եւ համապատասխան գործիքակազմ ստեղծելը: Այդ խնդրի լուծմանն է կոչված նաեւ ՀՀ ԿԳ նախարարության էլեկտրոնային գրադարանը, որի ստեղծման առաջնահերթ նպատակը ժամանակակից թվային տեխնոլոգիաների եւ համացանցի ներուժի առավել լիարժեք օգտագործման ճանապարհով մեր կրթական համակարգն առաջադեմ աշխարհում ընդունված չափանիշներին համապատասխանեցնելն է: Իսկ այդ չափանիշներն անընդմեջ խստանում են՝ պահանջելով, որ առաջընթացն ու ինքնակատարելագործումը դառնան մեր կրթական համակարգի կենսակերպը: Ի տարբերություն ավանդական գրքի ձեւով ստեղծված ուսումնական գրականության՝ այս գրադարանում ներկայացված էլեկտրոնային ձեռնարկներն անընդհատ զարգացման, բարելավման հնարավորություն են ենթադրում: Շնորհիվ ընթերցողների հետ հետադարձ կապի մեխանիզմների նախատեսման եւ մշտական փորձագիտական վերահսկողության՝ մենք կկարողանանք ոչ միայն օպերատիվորեն ուղղել գրքերում տեղ գտած սխալներն ու վրիպակները, այլեւ մշտապես կթարմացնենք եւ կբարելավենք կիրառված մանկավարժական մեթոդական համակարգերը:
Գրադարանը ստեղծվել է «Տաթեւ գիտակրթական համալիրի» հետ համատեղ եւ ներկայումս փորձարկման փուլում է: Նախատեսում ենք համատեղ ուժերով մոտ ապագայում բազմապատկել գրադարանում ներկայացված գրքերի քանակը: Հուսով ենք, որ այս նախագիծը կարդարացնի մեր ակնկալիքները՝ դառնալով պետության եւ մասնավոր հատվածի արդյունավետ փոխգործակցության լավագույն օրինակ:
Մաղթում եմ Ձեզ հաճելի ընթերցանություն:
ՀՀ ԿԳ նախարար
Արմեն Աշոտյան
|